Ախր շա՜տ ես խանգարում է, ու շա՜տ ես ոտքի տակ ընկնում:
Նախկին «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց՝ վաճառքի համար կողք կողքի, շարվեշարան կանգնած արհեստական եղևնիների կույտն ուղղակի մարդկանց նյարդերի վրա է ազդում: Սեփական հոգսերի ու մտքերի մեջ խճճված ժողովուրդն իր զայրույթը թափում է մայթերին ըստ հերթականության (փոքրից մեծ) դասավորված եղևնիների վրա:
Անկեղծորեն, տեղ չկա շարժվելու, մանավանդ այս օրերին, երբ անցուդարձը շատ է, փողոցները` բազմամարդ: Իրար հրմշտելով, միմյանց ոտքի տակ ընկնելով և վիրավորելով, տեղաշարժվում են մեր քաղաքացիները ու, հայի սովորության համաձայն, փնթփնթում քթների տակ. «էս ի՜նչ վիճակ է, սկի քայլելու տեղ էլ չկա, ա՜յ քեզ բան»: Պատկերացրեք , երբ որևէ մեկն էլ շտապում է, իսկ, մեծ մասամբ, նրանք բոլորն էլ շտապում են: Մեկը` դեպի մետրո, մյուսը` առևտրի տուն, շատերն էլ, կարևոր և անկարևոր գործերն ավարտած, դեպի կանգառ, որտեղ, ի դեպ, ասեղ գցելու տեղ չկա:
ՈՒ այս քաոսային պատկերը համեմվում է Արմենչիկի ու Թաթայի ականջ ծակող կլկլոցով: «Ա՜յ քեզ գժանոց»,-փնթփնթացի ես:
Հաջորդ օրը, նույն կանգառում սպասելիս, որոշեցի ձեռքի հետ լուսանկարել այս գեղեցիկ եղևնիները, որոնք այնքան նեղություն են պատճառում մարդկանց: Այդ պահին ինձ մոտեցավ մի երիտասարդ ( հասկացա, որ նա եղևնիների «տերն» է) և պահանջեց չլուսանկարել: Ծիծաղեցի զարմանքից: Կարծես վտանգավոր, անթույլատրելի զոնա էի մտել` բռնացրել էին ու բացատրություն էին պահանջում: Հարցիս, թե ի՞նչն է խնդիրը, երիտասարդը կմկմաց . «Դե, չի թույլատրվում, էլի, արգելվում է, հենա, հլը նայի վերև»: Նա ձեռքով ինչ-որ բան ցույց տվեց: Գլուխս բարձրացրի վեր, նայեցի աջ, նայեցի ձախ, ոչինչ չտեսա: Մինչև իջեցրեցի, նա արդեն չկար: Բայց մի բան պարզ էր` խեղճ տղան երևի գլխի էր ընկել, որ հաճույքից դրդված չեմ լուսանկարում իր համար այնքա՜ն թանկ եղևնիները. դա ակնհայտ էր նրա շփոթված դեմքից, սիրտն էլ, դե սիրտ է` հաստատ «ինչ-որ» բան էր կանխազգացել:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ